Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. 7-րդ ամիս
28 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 30)
Երեխան սկսում է ձեզ ավելի լավ հասկանալ: Նա զգում է, երբ դուք մերսում եք ձեր որովայնը Բրեկստոն-Հիքսի կծկացավերի ժամանակ: Թեև այդ կծկացավերը մի քիչ ցավոտ են երեխայի համար, սակայն նրան վնաս չեն պատճառում, քանի որ նա ապահով պաշտպանված է պտղաջրերով:
Երեխան արդեն սկսում է վարժեցնել իր թոքերը` ռիթմիկ բարձրացնելով կրծքավանդակը: Արդյունքում նա երբեմն պտղաջրեր է կուլ տալիս, որը զկրտոց է առաջացնում: Այժմ ձեր փոքրիկը բավականաչափ ճարպային հյուսվածքներ ունի և վաղաժամ ծննդաբերությունը նրա համար սարսափելի չէ:
Մենք հաճախ մտածում ենք, թե արգանդը մութ տեղ է, սակայն այն կարող է մութ լինել՝ կախված մոր գտնվելու վայրից: Դուք ավելի ու ավելի լավ եք հասկանում երեխայի քունն ու օրգանիզմի ցիկլերը: Սովորաբար թվում է, թե երեխան ուզում է քնել այն ժամանակ, երբ դուք ակտիվ եք, և ընդհակառակը, ակտիվություն ցուցաբերել, երբ դուք քնած եք: Դա երեխայի անքնության ցուցանիշ չէ, և նրա օրգանիզմի ցիկլերը կարող են ընդհանրապես չհամապատասխանել նրա ներարգանդային կյանքի ցիկլերին:
Երեխայի ակտիվությունը
Այժմ ուլտրաձայնային հետազոտությունը հիանալի ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է ձեր փոքրիկը: Նրա մոտ մշակվել է քնի և ակտիվության սեփական ռիթմը, սակայն թվում է, թե առավելագույն ակտիվություն նա դրսևորում է այն ժամանակ, երբ դուք փորձում եք քնել:
Ինչ է տեղի ունենում փոքրիկի հետ
27-րդ շաբաթ: Կապեր են հաստատվում ներզատիչ համակարգի և մակերիկամների` երեխայի արտաքին պայմաններին վարժվելու և կենսագործունեության համար պատասխանատու կառավարման ուղեղային կենտրոնների հետ:
26-րդ շաբաթ: Աճում են մկանները, ամրանում ու երկարում են ոսկրերը, հասունանում են թոքերը, նրանցում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն օգնում է փոքրիկի առաջին շնչին և կանխարգելում թոքերի փակվելը:
28-րդ շաբաթ: Երեխան զբաղեցնում է ողջ արգանդախոռոչը, սակայն դեռ կարող է շրջվել, ինչպես կամենա: Նա արդեն եղունգներ ունի, սակայն դրանք դեռ մատների ծայրերին չեն հասնում:
29-րդ շաբաթ: Փոքրիկը կարողանում է ժպտալ և կկոցել աչքերը: Նրա աչքերը կիսաբաց են:
Երեխայի հասակն ու քաշը
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 37,5 սմ
Քաշը՝ մոտ 1360-1400 գ:
Ձեր ճիշտ սնունդն ու ֆիզիկական ակտիվությունը կօգնեն խուսափել թունավոր հղիությունից` հղիության երկրորդ կեսում:
Յոթերորդ ամսում արգանդի բարձրությունը ցայլոսկրից կազմում է 24 սմ և կարող է արձագանքել երեխայի շարժումներին` կծկացավերի տիպի լարվածությամբ, որոնք, սակայն, անցավ են: Դա յուրօրինակ մարզանք է, որով արգանդը պատրաստվում է ծննդաբերությանը: Պառկեք կողքի, հանգստացեք, թուլացեք, և ամեն ինչ կանցնի:
Նշանակալիորեն ավելանում է երեխայի կալցիումի պահանջը, սկսվում է կմախքի ինտենսիվ աճը: Կալցիումի պակասը ձեզ մոտ կարող է հանգեցնել մկաննների ջղաձգության (հատկապես գիշերները), փչանում են ատամները: Նախկինում բացակայող ատամների քանակով բժիշկներն անսխալ որոշում էին, թե քանի անգամ է կինը ծննդաբերել: Մեր օրերում հղիների համար նախատեսված համալիր դեղամիջոցներն ու ճիշտ սնունդը թույլ են տալիս խուսափել ատամնաբուժական խնդիրներից:
Ձեր գործողությունները
Հղիությունը ֆիզիկական վարժություններից հրաժարվելու պատճառ չէ: Այժմ պետք է զբաղվել մկանների ամրացմամբ, որոնց վրա է ընկնում ծննդաբերության հիմնական ծանրությունը: Լավագույն միջոցը լողն է: Ջուրն օգնում է թուլանալ, հանգստացնում է հոդերի և ողնաշարի լարվածությունը: Լողավազանում վարժանքներն օգնում են ճիշտ շնչել, կառավարել սեփական մարմինը: Գտեք այնպիսի սպորտային ակումբ, որն առաջարկում է ջրային մարմնամարզություն` նախատեսված ապագա մայրերի համար: Լողի հետ միաժամանակ պետք է զբաղվել հղիների համար նախատեսված մարմնամարզությամբ, իսկ տանը կատարել Կեգելի վարժությունները` շեքի մկանների համար: Ներարգանդային կյանքի յոթերորդ ամիսը կարելի է բնութագրել որպես մանկան զգայարանների կայացման շրջան: Նա տարբերում է որոշ հոտեր, համ է զգում և տեսողական ընկալում ունի: Դժվար է հավատալ, սակայն փորձերը հաստատում են, որ եթե ուլտրաձայնային հետազոտության ժամանակ մոր փորին վառ լույս ուղղեն, ապա էկրանին երևում է, թե փոքրիկն ինչպես է ցնցվում և փոխում դիրքը: Յոթ ամսեկան փոքրիկը ոչ միայն լսում է, այլև լավ տարբերում ձայները, ինչպես նրանք, որոնցով մշտապես շրջապատված է` մոր սրտի բաբախյունը, նրա աղիների գալարակծկանքը, պորտալարի բաբախումը, այնպես էլ արտաքին ձայները:
Այն, որ երեխան լսում է և նույնիսկ «խոսում» ծնողների հետ, համոզվել են 700 ապագա ծնողներ, որոնք 1986 թ. ԱՄՆ-ում հատուկ ծրագրով անցել են երեխայի՝ ներարգանդային կյանքի շրջանի ուսուցում: Հղիության հինգերորդ ամսում փոքրիկի ուշադրությունը գրավում էին` օրական երկու անգամ թեթևակի խփելով մոր որովայնին: Երկու ամիս անց երեխան միշտ այդ շարժմանն արձագանքում էր շարժումով: Այս դպրոցի մասնակիցներից մեկը պարբերաբար այտը հպում էր կնոջ փորին և հստակ արտաբերում՝ «Փոքրիկ, ես քո հայրն եմ»: Ծննդից հետո երեխան միշտ ճանաչում էր այդ արտահայտությունը, իսկույն դադարում էր լացը և փորձում գլուխը թեքել ծանոթ ձայնի կողմը: Բոլոր երեխաները, որոնք «սովորել» էին այդ արտասովոր դպրոցում, իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսել քայլել, խոսել, քիչ են լացել և կարողացել են երկար և ուշադիր լսել ծնողներին:
Այս ամենը վկայում է, որ ներարգանդային կյանքի ընթացքում երեխան արտաքին աշխարհից դրական ազդեցության կարիք ունի: Այդ պատճառով ձեր ապագա փոքրիկի համար հաճախակի դասական երաժշտություն միացրեք՝ Վիվալդի, Մոցարտ, Բախ... Առավել ևս` ըստ որոշ դիտարկումների, դասական երաժշտությունը հանգստացնում է, նպաստում, որ մոր սիրտը հանգիստ բաբախի: Չէ՞ որ բոլոր ձայների մեջ փոքրիկը հստակ առանձնացնում է մոր սրտի ռիթմիկ բաբախյունը, և քանի դեռ այդ բաբախը նորմալ է, երեխան իրեն անվտանգ է զգում: Նույնիսկ ծննդից հետո փոքրիկն արագ հանգստանում է, երբ մայրը վերցնում է նրան ձեռքերի վրա և սեղմում ձախ կրծքին՝ հնարավորություն տալով ունկնդրել սրտի ծանոթ «մեղեդին»:
Յոթ ամսեկան պտուղն ակտիվ է ոչ միայն զգայարանների և շարժողական ռեակցիաների հետևանքով, այլև նա դառնում է իր սեփական աճի և հասունացման ակտիվ մասնակիցը:
Ինչպես արդեն ասվել է, հղիության ողջ ընթացքում պտուղը սերտորեն կապված է մայրական օրգանիզմին և ապրում է «մայր-ընկերք-պտուղ» բարդ համակարգի կանոններով: Այս համակարգի յուրաքանչյուր օղակ աշխատում է ոչ միայն իր, այլև մյուսների համար: Այժմ` հղիության վերջին շրջանում, պտուղն արդեն ամբողջությամբ կախված չէ մորից և ընկերքից, իրեն անհրաժեշտ բիոքիմիական շատ նյութեր ինքն է արտադրում, ինչպես օրինակ` հորմոնները: Այս ընթացքում մեծանում է աճի հորմոնի դերը, որն արտադրվում է մակուղեղի կողմից, նաև վահանաձև գեղձի, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի հորմոնները:
Արտադրվող հորմոնների և ֆերմենտների (նյութեր, որոնք ակտիվացնում և ուղղորդում են օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաները) շնորհիվ պտուղը ձևավորում է իր յուրօրինակ նյութափոխանակության համակարգը:
Այնուամենայնիվ դեռ վերջնական ինքնուրույնությունը շատ հեռու է: Նրա ներարգանդային զարգացումը մեծավ մասամբ պայմանավորված է նրան շրջապատող միջավայրով: Պտուղն ապրում է բաց երանգով ու թափանցիկ ամնիոտիկ հեղուկում, որի ծավալը յոթերորդ ամսում կազմում է 700 մմ, և իր կազմով հիշեցնում է արյունը, սակայն նրա հիմնական բաղադրամասը ջուրն է: Նրանում պարունակվում են նաև պտղի տարբեր օրգանների և հյուսվածքների բջիջներ:
Պտղաջրերը մշտապես թարմացվում են: Դա նման է լողավազանների հայտնի խնդրին, երբ խողովակի մի կողմից ջուրը հոսում է դեպի ավազան, մյուս կողմից՝ արտահոսում է: Այդպես էլ ամնիոտիկ հեղուկը՝ մշտապես արտադրվում է և կլանվում մանկան կողմից` մասամբ մաշկի միջոցով, մասամբ` մարսողության օրգանների և նույնիսկ` թոքերի: Համարվում է, որ օրական 3-4 անգամ տեղի է ունենում ամնիոտիկ հեղուկի ամբողջությամբ նորացում: Պտուղն անտարբեր չէ պտղաջրերի ինչպես ավելացման, այնպես էլ պակասեցման նկատմամբ:
Պտղաջրերի կազմից կարելի է պատկերացում կազմել պտղի հասունացման և նրա օրգանների գործառույթների մասին: Մասնավորապես, թոքեերի հասունացման նշան է համարվում ալվեոլներում սուրֆակտանտի (հատուկ նյութ, առանց որի թոքերի բազմաթիվ ալվեոլները չեն կարող բացվել և շնչել ) առկայությունը: Սուրֆակտանտի հիմնական բաղադրամասը ֆոսֆոլիպիդներն են, որոնց քանակությունը պտղաջրերում կարող է պատկերացում տալ, թե ինչպես է ընթանում թոքերի հասունացումը: Մեթոդներից մեկը` այնպիսի ֆոսֆոլիպիդների, ինչպիսին լեցիտինն ու սֆինգոմիելինն են, հարաբերակցության որոշումն է: Եթե, օրինակ, հարաբերակցությունը 1:5 է, ապա մասնագետները գալիս են եզրակացության, որ թոքերը պատրաստ չեն լիարժեք գործելու և վաղաժամ ծննդաբերության ելքը պտղի համար բարենպաստ չէ: Եթե մոր արյան ռեզուսը բացասական է, ապա պտղաջրերում պարունակվում են մոր օրգանիզմում արտադրվող հակամարմիններ` պտղի սպիտակուցի դրական ռեզուսի նկատմամբ: Այդ պատճառով բացասական ռեզուսով հղիների մոտ հեմոլիտիկ հիվանդության ախտորոշման համար նշանակվում է ամնիոցենտեզ:
Կինն այս ընթացքում պետք է խիստ ուշադիր լինի իր օրգանիզմի վիճակի և պտղի նկատմամբ: Հղիներն այս շաբաթների ընթացքում, որպես կանոն, դեռ աշխատում են, սակայն նրա աշխատանքն արդեն պետք է թեթև լինի: Պետք է աշխատել զերծ մնալ սթրեսներից և բացասական հուզումներից: Նույնիսկ ուսանողուհու համար այնպիսի սովորական իրավիճակը, ինչպիսին քննություն հանձնելն է, կարող է դառնալ սթրեսային գործոն ու հանգեցնել վաղաժամ ծննդաբերության: Կինը պետք է զգուշանա որովայնի ստորին հատվածում ցավերից և արգանդի մկանների լարվածությունից: Դրանք կարող են հղիության ընդհատման առաջին նշանները լինել: Այդ դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
Եթե ծննդաբերությունը, այնուամենայնիվ, սկսվում է, մի հուսահատվեք, յոթ ամսեկան երեխան բավականին կենսունակ է: Ժամկետից շուտ ծնվելու հետևանքով նա, իհարկե, թույլ է, դժվար է ինքնուրույն հարմարվել նոր կենսապայմաններին, սակայն ժամանակակից բժշկությունը նրան ապրելու հնարավորություն է տալիս:
|
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն